Press

“ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՈՐԾԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ”

ԱռնոլդՄելիքսեթյան։ Ծնվել է Ստեփանակերտում։ 1969-ինավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան գեղարվեստիուսումնարանը, 1977-ին՝Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։ Ապրում և ստեղծագործում է հայրենի քաղաքում։ Մասնակցել է ցուցահանդեսների Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում և նախկին ԽՍՀՄ այլ քաղաքներում։ 1986-ին անհատական ցուցահանդեսներ է ունեցելՍտեփանակերտում, 1995-ին՝ Երևանում։ Նրա աշխատանքներից գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։ Աշխատում է գեղանկարի,  գրաֆիկայի և քանդակի բնագավառում։ Վերջերս գեղանկարիչն առիթն օգտագործելով (Արցախի պետական կամերային երգչախմբի հետ) 5-6 օրով եղել է Իտալիայում, շրջել տեսարժան վայրերով, ծանոթացել համաշխարհային մշակույթի կոթողներին։

 

Ա. Մելիքսեթյանի հետ մեր զրույցը  ճամփորդությունից ստացած տպավորությունների, գեղանկարչական արվեստի, արվեստագետին այսօր հուզող խնդիրների շուրջ էր։  

 

Ինչի՞վրա է այսօր աշխատում գեղանկարիչ Առնոլդ Մելիքսեթյանը։  

– Դե, ինչպես  գիտեք, Տողի արվեստի դպրոցում նույնպես աշխատում եմ, գնում-գալիս եմ։ ՙՀյուսիս-Հարավ՚ ճանապարհի մի հատված, Մեծ Թաղերի կամրջի մոտ  200-300 մետր  երկարությամբ, որը սողանքի պատճառով դեռևս չի ասֆալտապատվել, միշտ գրավում է իմ ուշադրությունը։ Նման այլ հատվածներ էլ կան, բայց ինձ հետաքրքել է կամրջին մոտ այդ հատվածը։ Բացատրեմ՝ ինչու. սողանքի հետևանքով այստեղ բացվել են հսկայական բլոկներ, կլինի 30-40 հատ՝ բնական վիճակով, անձեռակերտ։ Իմ մեջ միտք հղացավ, որ կարելի է այդ հսկայական բլոկներով, օգտագործելով տեխնիկայի միջոցները, սողանքի դեմը փակել։ Արդյունքում կստեղծվի գեղարվեստական պատկեր։  Գուցե Ձեր հարցի ուղղակի պատասխանը չէ, բայց այս պահին դա  իմ մտահոգությունն է։

Ի դեպ, այդ նպատակով եղա ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում, իրավասու անձանց հետ զրուցեցի, չգիտեմ՝ ինչ աստիճանի կարողացա միտքս և գաղափարս տեղ հասցնել, այնուամենայնիվ, հավանաբար, կլինեմ նաև նախարարի մոտ։

– Ասել է թե՝դա կապ ունի Ձեր ստեղծագործական աշխատանքի հետ։  

– Իհարկե։ Կարելի է և՛ շինարարական, և՛ գեղարվեստական հետաքրքիր լուծում տալ այդ ճանապարհահատվածին։ Ես նախարարությունում՝ Իտալիայում իմ տեսածի մասին պատմեցի, օրինակներ բերեցի. Վենետիկից Հռոմ ռելիեֆը, բնությունը շատ նման էին ղարաբաղյանին. ճանապարհի գրեթե կեսը կտրտված է թունելներով, կամուրջներով։ Մենք խոսում ենք պետություն կառուցելու մասին, ճանապարհն էլ պետության կայացման բաղադրիչներից մեկն է։ Տնտեսության զարգացման գլխավոր պայման է ճանապարհը, բայց ՙՀյուսիս-Հարավի՚ որոշ հատվածներ արդեն քանդվում են։ Այսինքն, գործն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով։ Կարծես շատ հեռացա հարցից։ Ճշմարտությունը որ չասենք, հետո՞… Այդ բլոկները պետք է դրվեն ամուր հիմքի վրա, այսինքն՝ պետք է ուսումնասիրվի հողաշերտը։

Գիտեմ, որ դժվար է, բայց հեշտ գործ կա՞։  Անլուծելի խնդիր չէ։ Մեր երկիրն է, մեր ժողովուրդը, մեր  ճանապարհը, պիտի կառուցվի և լա՛վ պիտի կառուցվի, իսկ նախարարության աշխատակիցներն ասացին, որ կմտածեն։ Բայց դա կարող է տարիներ տևել։

– Իսկ, եթե ավելի կոնկրետանանքինչի՞ վրա եք աշխատում։ 

– Վերջին տարիներին ամբողջապես անցել եմ քանդակին։ Գործընթացը սկսվել է Ղարաբաղյան շարժումից, իսկ վերջին շրջանում դրանով զբաղվում եմ լրջորեն։ Դրան նպաստել է նաև Տող գյուղում դասավանդելը։ Եթե նախկինում փայտով էի աշխատում, հիմա իմ նյութը կավն է։ Իսկ կավ՝ ինչքան ասես Ղարաբաղում կա։ Պատահական չէ, որ հնում կավագործությունն այստեղ զարգացած է եղել։ Դիմանկարներ եմ քանդակում։ Ցուլի  կերպար-պատկերն ինձ վաղուց էր հետաքրքրում։ Տարբերակներ են ստեղծվում, քանդակն  ընդհանրացումներ է ձեռք բերում։ Նոր մտքեր են ծնվում, գաղափարը նոր զարգացումներ է ընդունում։ Կինը, որ ցուլին նստած էր, փոխարինվել է զինվորով։ Ցուլն ուժի, հաստատունության խորհրդանիշ է՝ հար և նման մեր ժայռերին, բնաշխարհին։

– Ստեղծագործական ընթացքը Ձեզ հաճո՞ւյքթե՞ տառապանք է պատճառում։  

– Ե՛վ այն, և՛ այն։ Ամենատարբեր վիճակների մեջ եմ հայտնվում։

–  Ձեր տպավորությունները Իտալիայից։  

– Երազի նման էր։ Իտալիայում լինել 5-6 օր՝ ամենաքիչը խաբկանք է։

– ԿարծեմԴուք միշտ երազել եք լինել Իտալիայում։  

– Ինչո՛ւ միայն Իտալիայում։ Տեղեկացվածությունը և հնարավորությունը հասել են մի  այնպիսի աստիճանի, որ հնարավոր է ճամփորդել, տեսնել։ Մշակույթը ձգում է։ Ավա՛ղ,  շատ քիչ բան տեսա։ Հինգ-վեց օրը շատ քիչ է մշակույթին գոնե հաղորդակից դառնալու համար. Իտալիայում հսկայական մշակույթ կա ստեղծված։ Ամենափոքր քաղաքում իսկ բարձր արժեքներ կան։ Միլանը Հռոմից հետո Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է, բայց  գոնե մեկ  ժամով չկարողացանք այնտեղ լինել, Լեոնարդո դա Վինչիի հայտնի որմնանկարը (եկեղեցու մեջ) տեսնել։

Վենետիկում ենք եղել, բացառիկ է, մշակութային հզոր կենտրոն՝ ֆանտաստիկ ճարտարապետությամբ, ամբողջ քաղաքը թանգարան է. միջնադարյան  ճարտարապետություն, ջրանցքներ, բազմահազար զբոսաշրջիկներ… Հռոմը, Վենետիկը, Ֆլորենցիան համաշխարհային մշակույթի կենտրոններ են։ Լուսաբացին մտանք Հռոմ, երեք ժամ շրջեցինք այնտեղ։ Եղանք Վատիկանում, Սուրբ Պետրոսի տաճարում։ Հասցրինք  տեսնել Միքելանջելոյի հայտնի ՙՍիքստինյան կապելլան՚։ Սուրբ Պետրոս տաճարի մեջ Միքելանջելոյի մարմարից քանդակը տեսանք։ Եթե լեզու իմանայի, կմնայի, շատ բան կտեսնեի, բայց ավա՛ղ… Տեսնելն արվեստագետի համար շատ կարևոր է։

 

– Խորհրդային տարիներին արվեստագետներ կայինոր ամբողջ կյանքն անցկացրել են՝ առանց լինելու արտասահմանում։  

– Հասկանալի է, թե ինչ եք ուզում ասել, բայց կային արվեստագետներ, որ հնարավորություն ունեին լինել արտասահմանում։ Այն ժամանակ Ղարաբաղը եռակի-քառակի շերտով մեկուսացման մեջ էր։ Ձգտումը, ներքին պահանջը կար, բայց անհնարին էր գնալ, տեսնել։

– Այնուամենայնիվստեղծվում էին արժեքներթեկուզ մեկուսացված վիճակում։  

– Իհարկե, փակված վիճակում էլ ստեղծվել են արժեքներ։ Ուսումնասիրելով համաշխարհային արվեստը, ես նկատել եմ, որ տարբեր տեղեր ստեղծվել են նման արժեքներ՝ նույն մոտեցումից, նույն աշխարհընկալումից։ Մենք արտասահման չէինք գնում, բայց տեղեկությունները կինոյի, գրքերի, ցուցահանդեսների, փոխշփումների ձևով գալիս էին։ Հա, չմոռանամ ասել, խորհրդային տարածքում մենք  ճամփորդում էինք։

– Ձեր անցած ստեղծագործական ճանապարհին ի՞ նչ ազդեցություններ եք կրել։ 

 – Ինձ վրա  մեծ տպավորություն են թողնում  կինոն, մարդկային շփումները։

– Արվեստի ազդեցության մասին եմ հարցնում։  

– Երիտասարդ տարիքում ազդեցությունն ավելի ուժեղ է լինում։ Հիշում եմ. ինձ վրա ցնցող տպավորություն է թողել Վան Գոգի, Երվանդ Քոչարի, հետագայում՝  Պիկասոյի արվեստը։ Ի դեպ, ասեմ, որ արվեստի մեջ՝ գույների առումով սկզբում ավելի զուսպ եմ եղել, չնայած հակառակն ավելի բնական կլիներ։ Բավականին ուժեղ պետք է լինես, որ  ազդեցությունների մեջ չմոլորվես, կուլ չգնաս. ստեղծագործողի համար դա  բավականին  բարդ գործընթաց է, պիտի կարողանաս մեծերին մարսել, պիտի կարողանաս նրանց արվեստի հետ հաղորդակցվելով, քոնը ստեղծել։ Ազդեցությունը որպես անհատականություն կայանալու  անխուսափելի միջոց է։ Ուսանողական տարիներին ցուցահանդեսներից և ուսանողական փոխշփումներից շատ  բան ենք սովորել։

– Դուք ինչպե՞ս եք դիտարկումգնահատում Ձեր ընթացքը։  

– Ես իմ արածից այնքան էլ գոհ չեմ։ Մինչև հիմա  որոնումների մեջ եմ։  Ինձ թվում է, դեռ իմ մեծ գործը չեմ ստեղծել, ճիշտ եմ, թե սխալ՝ չգիտեմ։

– Արվեստագետը և ժամանակը։ Ժամանակի Ձեր ընկալումը։ 

– Արվեստագետը պետք է իր ժամանակի գեղարվեստական արտահայտիչը լինի։ Նա կարող է առաջ անցնել ժամանակից, ինչպես, ասենք, կենդանիները կանխազգում են երկրաշարժը։ Խոշոր արվեստագետները միշտ էլ կանխազգացել են ժամանակը։ Իմ գործերում, իմ կարողություններին համապատասխան, արտացոլվել է ժամանակը։ Աշխարհում միշտ եղել են պատերազմներ, աղետներ։ Շատ մեծ գործեր ստեղծվել են հենց ոչ սովորական, ոչ խաղաղ, բարդ, խելակորույս, պատերազմների ժամանակներում։

 

Ինձ թվում է, ես ամենահետաքրքիր գործերը ստեղծել եմ Արցախյան գոյապայքարի ընթացքում, սրված, ծայրահեղ իրադարձությունների շրջանում։ Երևույթները նման իրավիճակներում կարծես առավել ուժեղ լույսի տակ ես տեսնում։ Գոյապայքարի սկզբնական  շրջանում ամեն ինչ պարզ էր։ Հիմա արժեքներն իրար են խառնվել… ամեն տեսակետից։ Կարծես անկայուն վիճակ է։ Մի տեսակ անտարբերություն, հիասթափություն կա։ Էն տարիներին ավելիին էինք սպասում։ Փոքր ազգ ենք։ Մեզ ամեն ինչում սովորական բարեխղճություն է պետք։ Նույնիսկ ամենախեղճ մարդուց շատ բան է կախված։ Նորից անդրադառնամ սկզբում արտահայտած իմ մտքին։ Մտել եմ նախարարություն, ինձ հարցնում են՝ մեզնից ի՞նչ է կախված։ Ամեն մարդուց շատ բան է կախված։ Պետությունը միայն այդ ձևով է կայանալու։ Այս ժամանակներում ձևականությունը մեծ չափեր է ընդունել. գործն արվում է ձևական, կարծես ցույց տալու համար։ Մարդն ասես դադարել է արժեք ներկայացնելուց։

Ղարաբաղյան շարժումը միայն ազգային հարց չէր, մարդու արժանապատվության խնդիրն էր դրված։ Մարդը դժգոհ էր, չէ՞, որ ցույցի էր դուրս եկել։ Իսկ այսօր երկու ազգերն էլ կարծես մոռացել են այդ մասին։ Թող հռետորական չհնչի՝ մարդը մեծ արժեք է։ Մի դրվագ հիշեմ. խորհրդային շրջանում Մարտակերտի Մամունցի  սովխոզի համար նկար եմ արել, ներկայացրել Բաքու՝ հայկական տիպաժներով, եկեղեցիներով։ Հանձնաժողովից մեկը, թե՝ սա ի՞նչ է, դու մոռացե՞լ ես՝ որտեղ ես ապրում, ինչո՞ւ ես հայ մարդ նկարել։ Ես մի բնավորություն ունեմ, երբ ինձ մտրակում են՝ իմ դիմադրողականությունս բարձրանում է, դիմակայում եմ։ Նկարս չի ընդունվում, հետ են տալիս, պիտի բերեի՝ փոխեի։ Բերում եմ՝ նույնը՝ ազգայինը, ավելի ընդգծած, տանում եմ, գլխավոր դեմքը պատահական բացակայում էր, երկու ազերի պաշտպանում են՝ հենվելով պրոֆեսիոնալիզմի վրա։ Ազգայինը քո մեջ, բնականից, միշտ կա, քեզնից անկախ,  գոյություն ունի։ Ազգայինը քո մեջ քեզնից անկախ պոռթկում է։ Բայց ազգայինը հիմք պետք  ունենա։ Ազգայինից ավելի բարձր համամարդկային արժեքներ կան։

– Դժվա՞ր եք  բաժանվում Ձեր նկարներից։  

– Ինչքան շատ ապրումներ ես դնում նկարի մեջ, նկարը ինչքան ապրված է, նույնքան  դժվարությամբ  ես բաժանվում։ Անկեղծ ասած, վաճառված գործերիս քանակն այնքան էլ մեծ չէ։

ՆվարդՍՈՂՈՄՈՆՅԱՆ / “Ազատ Արցախ”


Leave a comment